Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կարծիքով՝ անհայտ հաքերների նպատակը քաղաքական իրավիճակի վրա ներգործելն է ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որտեղ լիբերալին դիմակայում է աջ ազգայնականը: Քվեարկությունը մայիսի 7-ին է: «Ֆայլերը, որ պտտվում են ցանցում, գողացվել են մի քանի շաբաթ առաջ կուսակցականների անձնական ու աշխատանքային փոստարկղերի վրա հաքերային հարձակումից հետո»՝ նշվում է հայտարարության մեջ: Մակրոնի կողմնակիցները հաստատում են, որ հրապարակված փաստաթղթերի մեջ բնագրերին խառնել են կեղծ գրություններ: Գողացված փաստաթղթերը հրապարակվել են ֆայլափոխանակման սայթում ուրբաթ՝ ուշ երեկոյան և Մակրոնի շտաբը հազիվ է հասցրել մինչև կես գիշեր արձագանքել, երբ լրանում էր քարոզչությանը հատկացված ժամանակը:
Հիմա թեկնածուներն ու ԶԼՄ-ները հնարավորություն չունեն մինչև կիրակի երեկոյան՝ ընտրատեղամասերի փակումը, հարցը քննարկել: Դա նշանակում է, որ մինչ ադ Մակրոնը հնարավորություն չի ունենա հաքերային հարձակման վերաբերյալ նոր հայտարարություն անել: Հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ Մակրոնը մրցակցից առաջ է անցել 20 %-ով:
Մակրոնի «Առաջ» կուսակցությունից հայտարարել են, որ իրենց սերվերների «զանգվածային ու համակարգված» գրոհի ժամանակ առևանգվել է 9 գիգաբայթ կուսակցականների ու ընտրարշավի մասնակիցների նամակագրություն և որոշ ֆինանսական փաստաթղթեր: Մակրոնի ներկայացուցիչները ընդգծում են, որ փաստաթղթերում բացառապես օրինական նախընտրական գործողությունն է արտացոլված: Նրանք չեն կասկածում, որ գրոհը և առևանգված փաստաթղթերի հրապարակումները նախագահական ընտրությունների օրվան էին հարմարեցված: Ֆրանսիայի ընտրական հանձնաժողովը զգուշացրել է, որ գողացված տեղեկությունների հրապարակումն ու տարածումը քրեական հանցանք կդիտարկվեն:
Ո՞վ է հաքերներին ուղղորդել՝ այս հարցը դեռ պատասխան չունի: Մակրոնի շտաբում մեղքը որևէ կոնկրետ կուսակցության չհասցեագրեցին, բայց ընդգծեցին, որ հարձակումն իրենց դեմ էր և նպատակ ուներ խարխլել ֆրանսիական ժողովրդավարությունը:
Մակրոնի կողմնակիցները չեն խուսափել իրենց սերվերները ջարդելը համեմատել ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության սերվերները ջարդելու հետ նախագահական ընտրությունների ժամանակ: Այն ժամանակ միջադեպի պատասխանատվությունը վերագրեցին ռուս հաքերներին: Wikileaks կայքը, որ այն ժամանակ հրապարակեց գողացված գրագրությունը, այս անգամ Թվիթերում հրապարակեց կայքի հասցեն, որտեղ տեղակայվել են ֆրանսիական նոր փաստաթղթերը՝ ընդգծելով, որ ինքը որևէ կապ չունի:
Մակրոնն առաջին անգամ չէ հաքերների թիրախում: Նրա թիմը անցյալում ևս ենթարկվել է կիբեռհարձակումների, այն ժամանակ պատասխանատվությունը դրվել է ռուս և ուկրաինացի հաքերների վրա: Մակրոնի շտաբում կարծում են, որ այդպիսով Կրեմլն ուզում է աջակցել Մարին լը Պենին, որ արտաքին քաղաքականության մեջ ռուսամետ դիրքորոշում ունի: Ռուսաստանը կտրականապես հերքում է իր առնչությունը Մակրոնի կուսակցության սերվերների վրա հարձակմանը: Հինգշաբթի օրը Մակրոնը հարկադրված էր անցնել պաշտպանության՝ հայց ներկայացնելով նրանց դեմ, ովքեր, իր խոսքով, ցանցում լուրեր են տարածում, որ ինքը օֆշորային բանկային հաշիվներ ունի Կարիբյան կղզիներում:
Նախագահի թեկնածուն այդ մեղադրանքրը որակեց «կեղծիք ու սուտ» և ենթադրեց, որ այդ տեղեկությունները տարածող կայքերը «կապված են ռուսական շահերի հետ»:
Ֆրանսիացի ընտրողները երես թեքեցին երկու մեծ կուսակցություններից՝ սոցիալիստներից ու հանրապետականներից, որ տասնամյակներով հաջորդաբար կառավարում էին երկիրը: Հիմա Ֆրանսիայի քաղաքացիները պիտի վճռեն՝ ո՞ր ուղղությամբ կգնա իրենց երկիրը և ի՞նչ տեղ կունենա Եվրամիության սրտում: Եթե նրանք ընտրեն հօգուտ կենտրոնամետ Էմանուել Մակրոնի, կաջակցեն թեկնածուի, որ կողմ է ԵՄ բարեփոխմանը և եվրոպական ինտեգրման խորացմանը: Ծայրահեղ աջ Մարին լը Պենի ընտրության դեպքում ուղիղ հակառակ արդյունքներ կարելի է սպասել: Նա ցանկանում է, որ ԵՄ-ի փոխարեն լինի ինքնիշխան պետությունների Եվրոպա: «Ես ինձ կես տարի եմ տալիս՝ Եվրամիության հետ ինքնիշխանության վերականգնման մասին պայմանավորվելու համար: Դրանից հետո որոշումը կընդունեն ֆրանսիացիները»՝ գրել է նա իր Թվիթերում՝ նկատի ունենալով, որ ԵՄ-ի հետ բանակցությունները ավելի շուտ կտապալվեն և այդ դեպքում Ֆրանսիան հանրաքվե կանցկացնի եվրագոտուց դուրս գալու հարցով: Բրեկզիտից ու Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո Ֆրանսիան կարող է երրորդ երկիրը դառնալ, որ աշխարհում հաստատված քաղաքական հավասարակշռությանը հերթական հարվածն է հասցնում:
BBC
Հ.Գ. Միստրալները տայիք Ռուսաստանին, հանգիստ ընտրություններ անեիք: Ո՞վ էր ասում, որ փողը վերադաձնելով կհարթեք Պուտինի հետ փչացրած հարաբերությունները: Սա առաջին հայացքից, իսկ ընդհանրապես Էմանուել Մակրոնի դեմ Ֆրանսիայում կարող են քայլեր ձեռնարկել և պարտված մրցակիցները, և Մարին լը Պենը: Եվրամիությունը քանդելու խաղադրույքը բավականին բարձր է, որ հաքերային հարձակումներ կազմակերպեն և երկրից դուրս գտնվող եվրասկեպտիկները: Թեպետ խաղը իսկապես ռիսկային է՝ կարող է հակառակ հետևանքն ունենալ՝ համախմբելով Մակրոնի կողմնակիցներին ու կողմնորոշելով չկողմնորոշվածներին հօգուտ «Առաջի» նախագահի՝ նրան դարձնելով Ֆրանսիայի նախագահ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ